Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու (հայերեն, թուրքերեն) մենագրության շնորհանդեսը։ 500 տպաքանակով տպագրված գրքի խմբագիրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։
Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, շնորհավորելով հեղինակին և գիտական հանրությանը գրքի լույսընծայման առթիվ, նշեց, որ հայերի բռնի կրոնափոխությունը հայագիտության կարևոր խնդիրներից մեկն է, այն հարցերից է, որն անընդհատ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ դեռևս համակողմանի ուսումնասիրված չէ։ Թեման, ըստ պարոն Մելքոնյանի, գտնվում է գերքաղաքականացված վիճակում հատկապես Թուրքիայում և օրակարգային, արդիական հարց է այդ երկրի թե՜ քաղաքական համակարգում, թե՜ հասարակական-գիտական քննարկումներում։ «Կրոնափոխ հայերի խնդիրն առնչվում է մի քանի գիտակարգերի՝ պատմագրություն, թուրքագիտություն, ազգագրություն և այլն, ուստի հետազոտողի համար բավականին բարդ է այս բոլոր գիտակարգերի ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ ներկայացնել համակարգված, կուռ աշխատանք, ինչը հաջողվել է Հայկազուն Ալվրցյանին։ Հայերի բռնի կրոնափոխությունն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ, և գիրքը պետք է դիտարկել նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»,- ասաց պարոն Մելքոնյանը՝ շեշտելով, որ թուրքական արխիվները, հայկական տարբեր աղբյուրներ հարուստ են փաստերով, որոնք ապացուցում են բռնի կրոնափոխության բազմաթիվ դրվագներ։
Համշենագետ, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն էլ նկատեց, որ մենագրությունը կարող է հետաքրքրել և՜ ուսանողությանը, և՜ լրագրողներին, և՜ լայն հանրությանը։
Գրքի հեղինակ Հայկազուն Ալվրցյանն ընդգծեց, որ մենագրությունը պատրաստել է որպես տեղեկագիր, որը հետաքրքրվողներին մանրամասնում է կրոնափոխ հայերի խնդիրները։ Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարևոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի և Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը և դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները մինչև մեր օրերը, ինչպես նաև՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները և դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը:
Գրքի շնորհանդեսին անակնկալ մատուցեցին մշեցի հայերը, ովքեր միջոցառմանը ժամանեցին հենց Մուշից։
Հայկ Ասլանը Թուրքիայում հիմնել է «Տարոն» հայրենակցական միությունը։ Պատմում է, որ Մուշ քաղաքում իշխանությունները որոշել էին քանդել հայկական գերեզմանատունը, որտեղ, ըստ Հայկ Ասլանի, թաղված է եղել նաև Գևորգ Չաուշը։ «Տարոն» հայրենակցական միության բողոքի ցույցերի շնորհիվ միայն հայկական գերեզմանատունը հնարավոր եղավ փրկել կործանումից։
Մշեցի Արմեն Գալուստն էլ պատմում էր, որ փոքր հասակում թուրք մեկը ծեծել է իրեն՝ անվանելով «գյավուր»։ Երեխան լացելով գնացել է տուն և պապից իմացել, որ ինքն իսկապես հայ է։ Արմեն Գալուստնն ասում է, որ շնորհակալ է այդ ծեծին, քանի որ այն բացահայտեց իր ակունքներն ու հայ լինելը։
Մշեցի հայերին նվիրվեց «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» թուրքերեն մենագրության 100 օրինակ։ Նրանք բարձր գնահատեցին աշխատությունը, քանի որ այն կօգնի մարդուն ճանաչել ինքն իրեն, իր ակունքները։
«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի արդյունքում։ Այն թուրքերեն է թարգմանել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: